Որքան հաճախ ենք մենք լսում բջջային հեռախոսների արդյունաբերությանն առնչվող հսկայական քանակության տերմիններ: Եվ ցավոք, մարդիկ հաճախ են օգտագործում դրանք ընդհանրապես չիմանալով այս կամ այն բառի ամբողջական նշանակությունը: Հենց այդպես, մեր բառապաշար են ներխուժում տվյալ մասնագիտությանը հատուկ բառեր ու արտահայտություններ /պրոֆեսիոնալիզմներ/, ծածկալեզու կամ պայմանական լեզու /արգո/, նորաբանություններ /նեոլոգիզմներ/, նեղ մասնագիտական բառապաշար: Մեր խոսքն հագեցած է անհասկանալի, բայց ակնհայտ է, որ խիստ նորաձև ինչ-որ բանով: Ահա և մենք որոշել ենք ստեղծել բջջային տերմինների բառարան, որը հստակություն կմտցնի բջջային սպառողների կազմալուծված բանակի գիտակցության մեջ:
Accelerometer /Էկրանի ավտոմատ պտտում (աքսելերոմետր)/-     
Հեռախոսում ներկառույց սենսորի` աքսելերոմետրի, առկայությունը տարածության մեջ հեռախոսի դիրքի որոշման համար է: Աքսելերոմետրը դա մի սարքավորում է, որը չափում է արագացումը: Ժամանակակից աքսելերոմետրերը կարողանում են չափել սարքավորման արագացումն ու դիրքը միաժամանակ մի քանի հարթություններում: Մեծամասամբ, այս մոդուլը կիրառվում է էկրանի ավտոմատ պտտումը իրականացնելու համար: Օրինակի համար, որպեսզի լուսանկարներ կամ տեսանյութ դիտելու ռեժիմում հնարավոր լինի փոխել էկրանի ուղղվածությունը, անհրաժեշտ է պարզապես հեռախոսը թեքել` նրան տալով հորիզոնական դիրք: Բացի դրանից, նախագծողները ստեղծել են բազմաթիվ օգտակար հավելվածներ, որոնք նշանակալիորեն հեշտացնում են հեռախոսի օգտագործումը: Այսպես ուրեմն, գոյություն ունեն ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս, որ հեռախոսը անմիջապես հայտնվի հանգստի ռեժիմում` էկրանը դեպի ներքև շրջելով: Եվս մի շատ հաճելի կիրառում` աքսելերոմետրը լայնորեն օգտագործվում է խաղերում: Դրա շնորհիվ հեռախոսը վերածվում է խաղային գործիքի:

A-GPS-     
( անգլ.Assisted Global Positioning System - բառացի թարգմանությամբ"դիրքորոշման գլոբալ համակարգ" սատարումով) - դա հատուկ համակարգ է, որն արագացնում է GPS ընդունիչի "դանդաղ մեկնարկը": A-GPS-ի գլխավոր առանձնահատկությունը GPS-ից այն է, որ սա արագորեն է ստանում դիրքավորման կոորդինատային տվյալները` անմիջապես գործարկումից հետո: A-GPS-ը նույնպիսի ճշտությամբ է որոշում կոորդինատները, ինչպես կատարում էր GPS ընդունիչը:

Billing /Բիլինգ/ –     
ապարատա-ծրագրային համակարգերի հավաքածու, որը հետևում է և հաշվարկում բաժանորդի հաշվեկշիռը: Ավելի պարզ ասած, սա այն համակարգն է, որը բաժանորդի անձնական հաշվից գումարներ է հանում խոսակցությունների / տվյալների փոխանակման և այլ ծառայությունների/ ժամանակ, և ավելացնում է, երբ օպերատորի դրամարկղ գումար է փոխանցվում:

Browser /զննարկիչ, որոնիչ/ –     
ծրագիր, որն օգնում է դիտարկելու և կիրառելու ցանցի պաշարները /ռեսուրսներ/: Սա Internet Explorer ծրագրին զուգանման, պարզ ծրագիր է:

Dual Sim Card -     
մեկ բջջային հեռախոսում երկու SIM քարտերի օգտագործման հնարավորություն: Հեռախոսի մոդելից կախված ապարատը երկու քարտերով աշխատացնելու համար ավելացված են մի շարք լրացուցիչ գործառնություններ, օրինակի համար` մի Sim քարտի վրա հեռախոսականչի երկարաձգում, անցում մյուսի վրա, և այլն…

EMS (Enhanced Messaging Service) -     
հաղորդագրությունների կատարելագործված ծառայություն` տեխնոլոգիա, որը թույլատրում է SMS-ների հետ ուղարկել նաև երաժշտություն և պատկերներ:

FM-     
(անգլ. Frequency Modulation - բառացի թարգմանությամբ`հաճախական մոդուլյացիա) - տեխնիկապես դա ազդանշանի համանման (անալոգային) մոդուլյացիայի տեսակ է, ընդ որում ինֆորմացիոն ազդանշանն է կառավարում կրող տատանման հաճախությունը: Իսկ առօրյա կյանքում FM կամ FM-ձայնածավալը դա այն ռադիոալիքների ձայնածավալն է, որոնց օգնությամբ տարվում է ռադիոհաղորդումը: Այդ ձայնածավալն համարյա համընկնում է գերկարճ ալիքների ձայնածավալի հետ. 88,0-ից մինչև 108 ՄՀց հաճախություններ` Եվրոպայում և ԱՄՆ-ում, 76-ից մինչև108 ՄՀց հաճախություններ` Ճապոնիայում:

GPRS (General Packet Radio Service) -     
բջջային կապի ցանցերում տվյալների փաթեթային հաղորդման տեխնոլոգիա: Այն GSM ցանցերի արդիականացումն է, որի շնորհիվ տվյալների հաղորդման արագությունը հասնում է առավելագույնին` 115 Կբիթ/վրկ: Այս տեսակի կապի ծառայությունների վճարը կամ հաստատագրված է, կամ կախված է հաղորդված ինֆորմացիայի քանակից, այսինքն ցանցում գտնվելու տևողությունը նշանակություն չունի:

GSM (Global System for Mobile communications) -     
բջջային կապի համաշխարհային համակարգ: Սա թվային կապի չափօրինակ /ստանդարտ/ է, որը կիրառվում է Եվրոպայում և աշխարհի շատ երկրներում: Գոյություն ունի երեք տեսակի հաճախության` 900 Մհց, 1800 Մհց և 1900 Մհց կապ:

Gyroscope/Գիրոսկոպ/-     
Դա նշանակում է, որ հեռախոսում առկա է գիրոսկոպիկ սենսոր: Գիրոսկոպը մի այնպիսի սարքավորում է, որը չափում է պտտման անկյունները կոորդինատների անշարժ համակարգի նկատմամբ: Գիրոսկոպները կարողանում են հաշվել պտտման անկյունները միաժամանակ մի քանի հարթություններում: Ժամանակակից գիրոսկոպիկ սենսորներն ունեն կոմպակտ չափեր և արդեն օգտագործվում են նույնիսկ դյուրակիր սարքավորումներում; Դրանք, համագործակցելով աքսելերոմետրերի հետ, կարողանում են բարձր ճշգրտությամբ որոշել բջջային սարքավորման տեղադրությունը տարածության մեջ: Այն սարքավորումները, որտեղ տեղակայված են միայն աքսելերոմետրեր, ունեն չափման ցածր ճշգրտություն, դա հատկապես ցայտուն է երևում արագ տեղաշարժման ժամանակ:

H.263 -     
դա տեսաֆայլերի կամ տեսահոսքերի սեղմման չափօրինակ է, որը նախատեսված է նրա համար, որպեսզի հետագայում հնարավոր լինի տեսանյութն ուղարկել ցածր հզորության կապի ալիքներով (օրինակ` 3G), որտեղ արագությունը սովորաբար ցածր է 128 կբիթ/վրկ-ից, կամ հազիվ է հատում այդ սահմանը: Տեսանյութի սեղմման այդպիսի չափօրինակը կիրառվում է ծրագրային ապահովման փաթեթներում տեսահամագումարներ կազմակերպելու նպատակով: Եվ քանի որ այս չափօրինակում օգտագործվող սեղմման ալգորիթմները պահպանվում են արտոնագրերով, ապա որոշ երկրներում այդպիսի տեսանյութի համար կոդեկներ նախագծողները իրավասու չեն ազատորեն տարածել իրենց ծրագրային ապահովումները: H.263 չափօրինակը H.261-ի կատարելագործված տարբերակն է: Այս տեսակի նոր ընդլայնված կոդեկը`H.264-ը, որը ստեղծվել է նույն ընկերության կողմից, նաև անվանվել է AVC և MPEG-4 մաս 10: H.264-ը տիրապետում է շատ ավելի լայն հնարավորությունների, քան H.263-ը, և հետևաբար այժմ հատկապես H.264-ն է կիրառվում տեսահամագումարներ անցկացնելու ժամանակ:

Hands-free –     
հարմարանք, որի օգնությամբ կարելի է օգտվել բջջային հեռախոսից, այն չպահելով ձեռքի մեջ: Այստեղ որպես միջնորդ հանդես են գալիս ավտոմոբիլային և գլխային համալիրները: Դրանք կարելի է օգտագործել ինչպես նաև FM ռադիո և MP3 նվագարկիչ լսելու համար եթե այդպիսիք, իհարկե, կան ձեր հեռախոսում, ընդ որում հեռախոսը կաշխատի սպասման ռեժիմում և զանգը դուք բաց չեք թողնի:

HDMI ելք-     
Դա նշանակում է, որ բջջային հեռախոսում առկա է HDMI համակցիչ: High Definition Multimedia Interface-ը կիրառվում է տեսաազդանշանը և բազմալիքային ձայնը թվային տեսքով հաղորդելու համար: Այս համակցիչում նախատեսված է HDCP (High-bandwidth Digital Content Protection), որը կոչված է պաշտպանելու content-ը անօրինական պատճենումներից: HDMI-ն ստեղծվել է հատկապես բարձր ճշգրտության թվային հեռուստատեսության նոր` HDTV չափօրինակի համար: HDMI համակցիչը հակադարձելիորեն համատեղելի է DVI-ի հետ: Դա նշանակում է, որ օգտագործելով հատուկ փոխարկիչ` HDMI բնիկով կարելի է միանալ DVI համակցիչով աշխատող մոնիտորի հետ: HDMI ելքի օգնությամբ հեռախոսը կարելի է միացնել հեռուստացույցին և վայելել հեռախոսում եղած լուսանկարներն ու տեսանյութը մեծ էկրանի վրա: Որոշ մոդելներում տեղը խնայելու նպատակով օգտագործվում է mini HDTV μնիկը: Այս դեպքում հեռուստացույցին միանալու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան մալուխ կամ փոխարկիչ:

IMEI-     
(անգլ.International Mobile Equipment Identity - բառացի թարգմանությամբ`բջջային սարքավորման միջազգային վավերականություն) – տասնորդական համակարգում 15 կարգանի թիվ, որը եզակի է ցանկացած GSM և UMTS բջջային հեռախոսների համար: Յուրաքանչյուր IMEI համարի առաջին 8 թվանշանները մատնանշում են հեռախոսի ծննդավայրն ու մոդելը, այսպես ասած TAC-ը (անգլ.Type Allocation Code - բառացի թարգմանությամբ`տեսակի և տեղադրության ծածկագիր), մնացած թվանշանները կազմում են սերիական համարը, որի վերջում ստուգիչ թիվն է: Եթե հեռախոսն ունի երկու SIM քարտի օգտագործման հնարավորություն, ապա այդ ապարատին կտրվի երկու IMEI համար: Օրինակի համար, Sony Ericsson հեռախոսներում IMEI համարը սովորաբար գրվում է այսպես` XXXXXXXX-XXXXXX-X-XX (որտեղ X-ը 0-ից 9-ը ցանկացած թվանշան է): IMEI համարը սովորաբար սահմանվում է հեռախոսն արտադրողի կողմից` գործարանում արտադրելու ժամանակ և դրա անհրաժեշտությունն այն է, որպեսզի բջջային սարքավորումները հեշտությամբ նույնականացվեն: IMEI համարը որպես կանոն գրված է լինում տուփի վրա, սոսնձվում է երաշխիքային կտրոնում, և ներգրված է լինում բջջային հեռախոսի կուտակիչի մարտկոցի տակ: IMEI համարը կատարում է նաև ապարատի սերիական համարի դերը, և հենց դա է ավտոմատ կերպով եթեր հաղորդվում` բջջային ցանցում ապարատի ինքնությունը ճանաչելու նպատակով: IMEI համարը օգտագործվում է հեռախոսների տեղադրությունը հետամտելու նպատակով, ինչպես նաև գողացված հեռախոսների անթույլատրելի օգտագործման դեպքում դրանց արգելափակումն իրակացնելու նպատակով` բջջային ցանցի գործավարի պարտականությունների շրջանակներում: Շահադիտական նկատառումներով ծրագրային միջոցների օժանդակությամբ IMEI համարի փոփոխումը բացառելու նպատակով բջջային սարքավորումներ արտադրողները մշտապես փորձում են կատարելագործել ապարատի ծրագրային ապահովման պաշտպանության մեթոդները, որպեսզի դրանց ապահովումը կախված չլինի IMEI համարի փոփոխությունից: Որոշ ժամանակակից ապարատներում IMEI համարը տեղակայված է հիշողության OTP հատվածում (անգլ. One-time programmable - բառացի թարգմանությամբ` մի անգամ ծրագրավորվող) և որևէ կերպ չի կարող փոփոխվել ծրագրային միջոցների օգնությամբ: Լատվիայում, Մեծ Բրիտանիայում և մի շարք երկրներում IMEI համարի փոփոխումը պատժվում է օրենքով: Ռուսաստանի Դաշնության տարածքում IMEI համարի փոփոխման փաստի առթիվ գործ հարուցելու նախադեպ է գրանցվել: Ապարատների մեծամասնության IMEI համարը իմանալու համար բավական է պարզապես հավաքել #06# հրամանը:

IP (Internet Protocol) -     
ինտերնետային ցանցում կապի համար օգտագործվող տեխնոլոգիա տվյալների հաղորդման համար:

Menu/Հեռախոսի հրամանացանկ/ –     
ֆունկցիաների և գործողությունների ցուցակ/ցանկ, որն հատուկ է տվյալ հեռախոսին: ՙՄենյու՚ մակագրությունը, գործնականորեն, միշտ արտապատկերված է ցուցասարքին: Հրամանացանկ հնարավոր է ներթափանցել համապատասխան ստեղնը սեղմելով:

MMS (Multimedia Messaging Service) –     
մուլտիմեդիային հաղորդագրությունների փոխանակման ծառայություն: Հաղորդագրությունների փոխանակման չափօրինակ /ստանդարտ/ է, որը մշակվել է հատկապես բջջային հեռախոսների նոր սերնդի անլար սարքավորումների համար: Այս ծառայությունը հնարավորություն է ընձեռնում փոխանակել հաղորդագրություններ, որոնք հարուստ են բազմատեսակ մուլտիմեդիային պարունակությամբ` լուսանկարներով, տեսագրություններով և տեսահոլովակներով:

Mobile Tracker-     
Դա նշանակում է, որ հեռախոսը սատարում է Mobile Tracker ֆունկցիան: Այդ ֆունկցիան նախատեսված է այն նպատակով, որպեսզի հեռախոսի տիրոջը տեղեկացնի իր ապարատում օտար SIM քարտ տեղադրելու մասին: Նմանատիպ ֆունկցիան իրեն գերազանց է դրսևորում հեռախոսի կորստի կամ գողանալու դեպքում: Այս տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն է, որ քարտ տեղադրելու իրողության մասին հաղորդագրությունը հեռախոսի տիրոջն ուղարկվում է գաղտնի, որպեսզի կասկած չառաջանա այն մարդու մոտ, ում ձեռքում հիմա գտնվում է ապարատը: Այսինքն, հեռախոսի գնման ժամանակ դուք պետք է անհրաժեշտաբար հեռախոսում գրանցեք հեռախոսահամար: Հեռախոսի կորստյան կամ գողանալու դեպքում հենց այդ հեռախոսահամարի վրա հաղորդագրություն կստանաք, որի օգնությամբ կիմանաք ձեր հեռախոսում տեղադրված նոր SIM քարտի համարը: Այս ֆունկցիայի շնորհիվ հնարավոր է նաև ստանալ այլ տեղեկություններ, օրինակի համար, կարող եք ստանալ ձեր ապարատի գտնվելու կոորդինատները` ներկառույց GPS մոդուլի շնորհիվ:

MP3 -     
(անգլ. MPEG (Moving Picture Experts Group) 1 կամ 2 կամ 2.5 Layer 3 (չշփոթել MPEG-3-ի հետ) - MPEG ձայնային ֆայլի կոդավորման երրորդ ձևաչափ) - դա ֆայլի ձևաչափ է, որտեղ պահվում է ձայնային ինֆորմացիան: MP3 ձևաչափն այսօր ձայնի սեղմման ամենատարածված ձևաչափն է: Այն լայնորեն օգտագործվում է համացանցում ձայնի հաղորդման (երաշժտական ստեղծագործությունների) համար: MP3 ձևաչափն այսօր սատարվում է (ճանաչվում և վերարտադրվում է ձայնի տեսքով) գործնականում յուրաքանչյուր համակարգչային օպերացիոն համակարգում, ցանկացած ձայնային նվագարկչում (որոնք առօրյա կյանքում անվանվում են MP3 նվագարկիչներ), երաժշտական կենտրոնների բոլոր մոդելներում: MP3 ձևաչափը կիրառում է տվյալների սեղմման ալգորիթմը` կորուստներով (այսինքն, սեղմման ժամանակ ձայնի որակը վատանում է), ընդ որում սակայն զգալիորեն փոքրանում են տվյալների չափերը: Օրինակ, MP3 ձևաչափով կոդավորման ժամանակ` 128 կբիթ/վրկ չափանիշով (առավելագույնը` 320), ստացվում է բնօրինակի 10%-ը ունեցող ֆայլ (եթե որպես բնօրինակ ընդունենք աուդիո խտասկավառակից արված ձայնագրությունը): Ձայնային ֆայլի տվյալների սեղմման սկզբունքն այն է, որ նվազում է ձայնային հոսքի մասերի ճշգրտությունը, իսկ բարձր բիթռեյթի (1 վայրկյանում ձայնային ֆայլի բիթերի քանակը) ժամանակ այդ սեղմումը գործնականում աննշմարելի է մարդկային լսողության համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ բացարձակ լսողություն ունեցող մարդիկ բարձր բիթռեյթի ժամանակ չեն կարողանում զանազանել խտասկավառակից հնչող ձայնը MP3 ձևաչափի ձայնից:

MPEG-4 -     
( անգլ.Moving Picture Experts Group - բառացի թարգմանությամբ`շարժվող նկարների փորձագետների խումբ) - դա միջազգային չափօրինակ է` թվային տեսա- և ձայնաազդանշանների սեղմման մեթոդ (ֆայլի չափերի փոքրացում` տվյալների կորուստով (պատկերի որակի վատացում)): MPEG-4-ը նախագծված է եղել դեռևս 1998 թվականին: Այն աուդիո և վիդեո ֆայլերի սեղմման չափօրինակների հավաքածու է (սեղմումն անհրաժեշտ է տեսաֆայլերի չափերի կրճատման համար, քանի որ նախնական տեսքով,օրինակի համար, 640x480 թույլատրելիությամբ և 30 կադր/վրկ արագությամբ տեսաֆայլում յուրաքանչյուր կադրը դա 640x480 թույլատրելիությամբ bmp նկար է, որը զբաղեցնում է1 Մբ ծավալի սկավառակային տեղեկատվական տարածություն, իսկ նմանատիպ տեսանյութի յուրաքանչյուր վայրկյանը` 30 Մբ ): MPEG-4-ը օգտագործվում է համացանցում հաղորդում իրականացնելու նպատակներով (հոսքային տեսանյութ), խտասկավառակների (CD) վրա տեսաֆիլմերի ձայնագրության և տեսահեռաձայնման ժամանակ, երբ անհրաժեշտ է թվային վիդեո և աուդիո ֆայլերի սեղմում կատարել: MPEG-4 չափօրինակը պարունակում է իր նախորդ MPEG-1, MPEG-2 և նմանատիպ չափօրինակների բազմաթիվ գործառնություններ, ինչպես նաև դրանց հավելած մի շարք նորերը, օրինակի համար, վիրտուալ նշագրման լեզուն`VRML (Virtual Markup Language), և այլն… Ձայնի սեղմման AAC աուդիոկոդեկը ( անգլ. Advanced Audio Codec, - բառացի թարգմանությամբ`բարելավված աուդիոկոդեկ) նույնպես ներառված է MPEG-4-ի մեջ: MPEG-4 չափօրինակը մշտապես բարելավման և վերամշակման է ենթարկվում:

Multimedia /Մուլտիմեդիա/ –     
տեսողական և ձայնային ազդեցությունների փոխներգործությունը: Սովորաբար, մուլտիմեդիա է կոչվում տեքստի, ձայնի և գրաֆիկայի զուգակցումը, իսկ հիմա սրանց ավելանում են նաև անիմացիան ու տեսագրումը:

Multitouch-     
Սա մի տեխնոլոգիա է, որի շնորհիվ զգայունակ էկրանները կարող են միաժամանակ ընկալել երկու կամ ավելի մատների հպումը: Առավել հաճախ այս տեխնոլոգիան կիրառվում է նավիգացիայի ֆունկցիաների սատարման համար: Օրինակի համար, մասշտաբայնացումը (մատների տեղաշարժումը էկրանի վրա` մոտեցնելով կամ հեռացնելով) կամ օբյեկտների շրջումը: Համացանցային էջերի կամ լուսանկարների դիտման ժամանակ դա հատկապես օգտակար է, քանի որ կարելի է մաստաբայնացնել կամ պտտել օբյեկտներն առանց ավելորդ սեղմումների: Multitouch-ը սատարվում է միայն մի քանի տարողունակ էկրանների կողմից:

Navigator /Նավիգատոր/ –     
սովորաբար կլորաձև ստեղն, ավելի մեծ, քան մյուս բոլոր ստեղները: Դրա օգնությամբ է իրականացվում հեռախոսում ՙնավարկումը՚, առանձին կետերի, ցուցակների և հնարավորությունների թերթումը և այլն: Դա հիմնական ֆունկցիոնալ, ոչ թվային ստեղն է:

Nokia Ovi Suite -     
Windows օպերացիոն համակարգի հիման վրա ստեղծված ծրագրերի հավաքածու Nokia հեռախոսներից օգտվողների անձնական համակարգիչների համար: Այն հնարավորություն է ընձեռնում անլար կապի միջոցով կամ մալուխի օգնությամբ համակարգչի հետ համաժամանակեցնել և խմբագրել հեռախոսում եղած ցանկացած տվյալ (միացումներ, ռինգտոններ, հաղորդագրություններ, երաժշտական ֆայլեր, նկարներ և այլն), ինչպես նաև դրանց պատճենները պահել համակարգչում: Այն փոխարինում է Nokia PC Suite հավաքածուին: Nokia Ovi Suite-ը մատչելի է դարձնում ինտերակտիվ Ovi ծառայությունները, օրինակի համար, երաժշտությունը, քարտեզները:

PictBridge –     
տեխնոլոգիա, որի առկայության ժամանակ հնարավոր է USB մալուխի միջոցով տպիչի հետ անմիջական միացման շնորհիվ ստանալ լուսանկարներ անմիջապես լուսանկարչական ապարատից: Այն դիտարկելով առօրյա օգտագործման տեսակետից, PictBridge-ը դա թվային լուսանկարչական խցիկում հրամանացանկ է, որը հնարավորություն է ստեղծում ընտրել լուսանկարներ, նրանց համար սահմանել տպելու տարբեր համալարումներ (օրինակ` ձևաչափ, լուսանկարչական թղթի տեսակ, լուսանկարման որակ) և դրանք արտածել տպիչի վրա, որը միացած է լուսանկարչական խցիկին: Ըստ էության, PictBridge չափօրինակը դա միակ համակցիչն է, որն օգնում է իրականացնել լուսանկարչական խցիկի և տպիչի միջև տվյալների փոխանակումը:

Pixel /Պիքսել/ –     
հեռախոսի ցուցասարքի փոքրագույն գրաֆիկական միավորն է: Դրանցով է առաջանում պատկերը: Որքան փոքր է պիքսելը, այնքան որակը բարձր է: Ամենից հաճախ տերմինն օգտագործվում է այն հեռախոսների նկարագրության ժամանակ / հիմա արդեն գրեթե միշտ/, որոնք ունեն ներկառույց լուսա- և տեսախցիկներ: Տվյալ դեպքում, որքան մեծ է նրանց քանակը 0.5 մեգապիքսել, 1 մեգապիքսել, …, այնքան հստակ է պատկերը:

PTT-     
(անգլ. Push-to-talk - բառացի թարգմանությամբ`սեղմիր, որպեսզի խոսես) – ձայնային հաղորդակցման կիսադուպլեքս (երկկողմանի ըստ հերթականության) չափօրինակ` երկկողմանի ռադիոհամակցիչով և միաժամանակ միայն մեկ ուղղությամբ խոսքի հաղորդման հնարավորությամբ: Բաժանորդը ազդանշանի ընդունման և ուղարկման ռեժիմների միջև անցում կատարելու համար պետք է սեղմի և բաց թողնի սարքավորման (հեռախոսի, ռադիոկայանի) վրա տեղակայված հատուկ կոճակը: PTT-ն դա շարժական հեռախոսակապի ամենավաղ չափօրինակներից է: PTT սատարող ապարատները սարքավորված են առանձնացված կոճակով, որը նախատեսված է ձայնային հաղորդագրություններով կապի անցկացման մեկնարկի համար: Այդ հաղորդակցմանը կարող են մասնակցել երկու և ավելի բաժանորդներ: Խոսելու հնարավորությունն ընձեռնված է միայն մեկ բաժանորդին, իսկ կապի մյուս մասնակիցները կարող են միայն լսել: PTT-ն դա հարմարավետ ուղիղ ձայնային միացում է, որը հնարավորություն է տալիս րոպեապես տեղեկություններ փոխանակել և միաժամանակյա կապ է ստեղծում մի քանի բաժանորդների միջև:

QWERTY ստեղնաշար –     
համակարգչային ստեղնաշարի դասավորություն ունեցող ստեղնաշար: Սովորաբար, այդպիսի ՙգրավչությունը՚ սմարթֆոնների և հաղորդակիցների /communicator/ արժանիքն է: Ստեղնաշարն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Որպես դրական կողմ մատնանշենք հեռախոսի ստեղների լիակատար համընկնումը համակարգչի ստեղների հետ: Այսպես, եթե դուք հեշտությամբ եք օգտվում համակարգչի ստեղնաշարից, ապա հեռախոսային ստեղնաշարին, նույնիսկ ամեն անգամ տարբեր հեռախոսների, հարմարվելու կարիք չի լինի: Նամակներ կգրեք վարժ և հարմար: Որպես բացասական` սովորական հեռախոսների համեմատությամբ նրա մեծածավալությունը և կոճակների փոքր չափը:

RDS -     
(անգլ. Radio Data System - բառացի թարգմանությամբ`ռադիոտվյալների համակարգ) - գերկարճ ալիքների ձայնածավալում (դիապազոն) հաճախական մոդուլյացիայով աշխատող ռադիոհաղորդիչ ցանցի (FM) միջոցով տեղեկատվական հաղորդագրությունների փոխանցման չափօրինակ: Այժմ RDS համակարգում նախատեսված են բազմաքանակ գործառնությունների իրականացման հնարավորություններ, սակայն RDS ընդունիչներում օգտագործվում են հինգ հիմնական գործառնություններ: Թվարկենք դրանք. Programme Identification (ծրագրերի նույնականացում - ռադիոկայանի անվանման և հաղորդման հաճախության ներկայացում), Alternative Frequencies list (տվյալ հաճախության ազդանշանի ընդուման որակի վատացման դեպքում այլընտրանքային հաճախությունների ցուցակ), Programme Service name (ծրագրի ծառայողական անվանումը), Traffic Programme identification (traffic-ի ծրագրերի նույնականացում), Traffic Announcement identification (traffic-ի մասին ծանուցման նույնականացում):

Roaming /Ռոումիգ/ -     
հեռախոսի օգտագործումը այլ ցանցային ընկերություններում: Հիմնականում կիրառվում է արտասահմանում: Ռոումինգը լինում է ներցանցային և միջազգային: Միջազգայինը գործում է արտասահմանում, հնարավորություն տալով գրանցվելու այնտեղ, իսկ ներցանցայինը` սեփական երկրում:

SAR –     
մեծություն, որն արտահայտում է հեռախոսի ճառագայթած էներգիայի տեսակարար կլանումը օրգանիզմի կողմից /Վտ/կգ/: Այն չափվում է ջերմային հետքով /նմուշների ջերմաստիճանի փոփոխությամբ/: Ըստ ֆիզիկայի օրենքների, այն բավականին վիճելի մեծություն է, եթե չասենք` ընդհանրապես տարօրինակ, սակայն օժտված է հարաբերական իմաստով: Ըստ այս մեծության, կարելի է ասել, թե մի հեռախոսը քանի անգամ է քիչ ճառագայթահարում ձեր մարմինը, քան մյուս հեռախոսը:

Sensor/Զգայունակ (սենսորային) էկրան/-     
Հեռախոսում առկա է սեղմումների նկատմամբ զգայունակ, ներկառույց էկրան: Զգայունակ էկրանով հագեցած ապարատի հիմնական առավելությունն այն է, որ հնարավորություն է ստեղծվում տեղակայելու մեծ անկյունագիծ, այսինքն, համապատասխանաμար` բարձր թույլատրելիություն ունեցող ցուցասարք: Նմանատիպ մեծ էկրան տեղադրելու հնարավորությունը ապահովում է հիմնական ֆիզիկական ստեղնաշարից հրաժարումը, այսինքն, հեռախոսահամարի և տեքստի հավաքումը, ապարատի հրամանացանկում տեղաշարժվելը կատարվում է էկրանին հպվելու միջոցով: Զգայունակ էկրանի թերություններից կարելի է մատնանշել այն, որ առանձնապես հարմար չէ հեռախոսից օգտվել քայլելու կամ մեքենա վարելու ընթացքում, որովհետև զգայունակ էկրանի վրա անհնարին է մատներով շոշափել ստեղնաշարի կոճակները, այնպես, ինչպես դա հնարավոր է իրականացնել սովորական ստեղնաշարից օգտվելու ժամանակ: Բացի այդ մեծ չափեր ունեցող էկրանը սպառում է ավելի շատ էներգիա, իսկ դա բացասաμար է անդրադառնում ապարատի ինքնավար աշխատանքի տևողության վրա: Հազվադեպ է պատահում, բայց հնարավոր է, որ ցուրտ պայմաններում որոշակի խնդիրներ առաջանան զգայունակ էկրանի աշխատանքներում, ինչը պայմանավորված է այդ տեսակի էկրանների արտադրության տեխնոլոգիայով:

SIM քարտ (Subscriber Identity Module) -     
բջջային հեռախոսներում կիրառվող smart քարտ: Այն պարունակում է օգտագործողի ինքնությունն հաստատող ինֆորմացիա /իդենտիֆիկատորներ/, որն անհրաժեշտ է ցանց ներթափանցելու և զանգեր ստանալու համար:

Smartphone /Սմարթֆոն/ –     
ՙինտելեկտուալ՚ հեռախոս կամ հեռախոս+դյուրակիր համակարգիչ: Նրա բնութագրիչ գծերն են` ծրագրային ապահովման գրադարանով օպերացիոն համակարգ և մեծ ցուցասարք: Ներկայումս սմարթֆոնները շատ եռանդուն կերպով հայտնվում են բջջային հեռախոսների շուկայում:

SMS (Short Message Service) –     
բջջային ցանցում հաղորդագրությունների երկկողմանի փոխանակման ծառայություն: Այն թույլատրում է 160 նիշ պարունակող տեքստային հաղորդագրություններ ուղարկել:

Synchronization /համաժամանակեցում/–     
օրինակի համար, բջջային հեռախոսի միացումը համակարգչին: Դրա համար անհրաժեշտ է որոշակի ծրագրային ապահովում և հատուկ մալուխ, կամ առանց հաղորդալարերի միացման մոդուլ:

Traffic /Տրաֆիք/ –     
ժամանակի միավորի ընթացքում հաղորդվող ինֆորմացիայի ընդհանուր ծավալը, արտահայտված համակարգչային հիշողության չափման միավորներով Բիթ/վրկ, Մբայթ/ ժ և այլն:

Wi-Fi -     
(IEEE 802.11a/b/g) - (անգլ. Wireless Fidelity - բառացի թարգմանությամբ`անլար ճշտություն) - "Wi-Fi Alliance"- ի կողմից Wireless LAN սարքավորման վրա IEEE 802.11 (հին անվանումը` WiFi, որն հետագայում համարվեց բավականին բարձրագոչ) չափօրինակների հիման վրա նախագծված չափօրինակ, իսկ ՙ Wi-Fi՚-ը դա “Wi-Fi Alliance”-ի ապրանքանիշն է: Տեխնոլոգիան անվանել են ձայնի վերարտադրման չափօրինակներում օգտագործվող Hi-Fi տերմինի համանմանությամբ: Wireless LAN-ը սկզբում առաջնահերթ տեղակայ վում էր այն տարածքներում, որտեղ հաղորդալարային կապի ստեղծումը կամ անհնարին էր, կամ աննպատակահարմար: Մեր ժամանակներում Wi-Fi-ն օգտագործվում է խոշոր բնակավայրերում համարյա ամենուրեք, քանի որ որոշակի պայմանների առկայության դեպքում տվյալների հաղորդման արագությունն այս ցանցի տիրույթներում կարող է գերազանցել 100 Մբիթ/վրկ ցուցանիշը: Բազմաթիվ ժամանակակից սարքավորումներ (գրպանի համակարգիչներ, սմարթֆոններ, նոութբուքեր, նույնիսկ լուսանկարչական ապարատներ և լուսատպիչներ), որոնք հագեցած են ընդունող և ուղարկող Wi-Fi մոդուլներով, կարող են միանալ տեղական ցանցին ( կամ մի սարքավորումը մյուսին միացնելու շնորհիվ) և համացանց ներթափանցելու հնարավորություն ստանալ Wi-Fi միացման կետի օգնությամբ:

WiMAX-     
Դա նշանակում է, որ ապարատում առկա է անլար կապի WiMAX ներկառույց մոդուլը: Տվյալ տեխնոլոգիան իրենից ներկայացնում է Wi-Fi-ին համանման կապ, միայն հարկավոր է հաշվի առնել, որ WiMAX-ն օժտված է բարձր թողունակությամբ և մեծ տիրույթ ընդգրկելու հնարավորությամբ: Երկու չափօրինակները դասակարգվում են որպես չորրորդ սերնդի կապի տեսակ: Գործավարներից յուրաքանչյուրը կարողանում է իրականացնել քաղաքի բնակելի շրջանների գրեթե ամբողջական ծածկումը: Տեխնոլոգիան դիտարկվում է ոչ միայն որպես բջջային կապի բաժանորդներին մեծ տարածությունների վրա անլար համացանցով ապահովելու հնարավորություն, այլև` որպես միջավայր, որի օգնությամբ կարելի է իրականացնել ձայնային հաղորդակցություն, տեսահեռաձայնում, ինչպես նաև այլ ծառայություններ, որոնք տրամադրելու համար անհրաժեշտ է ունենալ համացանց ներթափանցելու բարձր արագություն: Այդպիսի ծառայություններից է, օրինակ, բջջային հեռուստատեսությունը:

Zoom-     
( "zoom" (անգլ.) - խոշորացման միջոցով ստացված պատկեր) - հեռախոսի լուսանկարչական խցիկի հնարավորություն, որը մոտեցնում (խոշորացնում) կամ հեռացնում (փոքրացնում) է պատկերը: Ժամանակակից հեռախոսներում կիրառվում է թվային խոշորացումը:

Ալեհավաք /antenna/ -     
բջջային հեռախոսի տարր, որի օգնությամբ ընդունվում և ուղարկվում են ազդանշանները: Տեխնիկապես առավելագույնս կատարելագործված են ներքին ալեհավաքները, որոնց շնորհիվ փոքրանում են հեռախոսի չափերը, ընդ որում կապի որակը գործնականում չի վատանում:

Արագ հավաքում -     
բաժանորդի հեռախոսահամարի հավաքման եղանակ ստեղնի միանգամյա սեղմումով: Այս ֆունկցիան գործարկելու համար անհրաժեշտ է հրամանացանկի մեջ գրանցել բաժանորդի համարը և նրան համապատասխանող ստեղնը /2-ից մինչև 9-ը/: Այս հնարավորությունն առկա է համարյա բոլոր ժամանակակից մոդելներում և կիրառվում է հաճախ ու հաջողությամբ:

Բազային կայան –     
յուրաքանչյուր բջջի սարքավորումների հավաքածու, որն իրականացնում է հեռախոս - ցանց կապը, զբաղվում է զանգերի տեղաբաշխմամբ և աուտենտիֆիկացիայով, այսինքն, ՙճանաչում՚ է բաժանորդին:

Բազմաձայնություն /պոլիֆոնիա/-     
մեղեդիներ, կազմված մի քանի բաղկացուցիչներից: Միաժամանակյա վերարտադրման դեպքում ստեղծվում է բնական հնչողության տպավորություն: Հեռախոսի տեխնիկական նկարագրության մեջ սովորաբար նշվում է բազմաձայնության տոնայնությունը: Որքան մեծ է այդ թիվը, այնքան ձայնի վերարտադրումը ավելի լավն է, ծավալային և բնական:

Բջիջ –     
մեկ բազային կայանի ծածկած մակերես: Տարբեր ստանդարտներ ունեն բջջի տարբեր մակերեսներ և բաժանորդների տարբեր թիվ նրանում:

Երկմիջուկանի պրոցեսոր-     
Դա նշանակում է, որ սմարթֆոնում տեղակայված է երկու միջուկ ունեցող պրոցեսոր: Սարքավորման մեջ մի քանի պրոցեսորների առկայությունը նշանակալիորեն ուժեղացնում է պրոցեսորի աշխատանքի արդյունավետությունը` միայն մեկ միջուկ ունեցող պրոցեսորի հետ համեմատած: Այս իրողությունը հատկապես աչքի է զարնում բազմախնդիր ռեժիմներում աշխատելու ընթացքում:

Զանգի վերահասցեավորում -     
ֆունկցիա, որի օգնությամբ հնարավոր է ստացվող զանգերը վերաուղարկել ձեր նշած հեռախոսահամարին, ինչպես նաև` ձեր ձայնային փոստի ծառայությանը: Վերահասցեավորումը կարող է լինել անվերապահ /բոլոր զանգերը/ կամ պայմանական /եթե բաժանորդը զբաղված է, չի պատասխանում կամ անհասանելի է/: Պետք է նշել, որ ծառայությունն այնքան էլ գործածական չէ:

Էկրանի թույլատրելիություն –     
հեռախոսի ցուցասարքի /display/ կետերի /pixel/ քանակը: Որքան մեծ է այն, և որքան փոքր են հենց կետերը, այնքան հստակ է պատկերը:

Թվային կապ –     
հեռախոսային ցանցի միջոցով խոսքի հաղորդման եղանակ: Խոսքը տրոհվում է տարրական մասնիկների, որոնք ներկայացվում են ՙ0՚-ների և ՙ1՚-երի հաջորդականության տեսքով, իսկ դրանք հնարավոր է հաղորդել, հետո հեռախոսագծի մյուս ծայրում փոխարկել ձայնի: Բջջային թվային հեռախոսակապի հիմնական առավելություններից մեկն այն է, որ միևնույն շրջանում և նույն հաճախականությամբ կարող են աշխատել մի քանի հեռախոս:

Թրթռականչ /vibracall/ -     
ստացվող զանգի կամ հաղորդագրության մասին ծանուցման եղանակ: Հեռախոսն սկսում է թրթռալ: Կանչի արագությունն ու ուժգնությունն առանձնահատուկ է հեռախոսի յուրաքանչյուր մոդելի համար: Թրթռականչն աշխատում է թե ինքնուրույն, թե ձայնային ազդանշանի հետ:

Կողմնացույց-     
Դա նշանակում է, որ հեռախոսում ներկառուցված է թվային կողմնացույց: Մագնիսական կողմնացույցը ցույց է տալիս Երկրագնդի Հյուսիսային բևեռը: Հեռախոսում կողմնացույցը կիրառվում է գլխավորապես նավիգացիոն ծրագրերում` տեղանքում կողմնորոշվելու համար: Բացի այդ, այն կարող է օգտագործվել նաև ուրիշ հավելվածների կողմից ամենատարμեր նպատակներով:

Ստեղնաշարի արգելափակում -     
հնարավորություն, որի շնորհիվ ստեղնաշարը զերծ է մնում պատահական սեղմումներից: Եվ հետևաբար կխուսափեք ինչ-որ մեկին յոթ անգամ զանգած և մեկ ուրիշին չորս հաղորդագրություն /ընդ որում` դատարկ/ ուղարկած լինելու անակնկալից: Գոյություն ունի արգելափակման երկու ռեժիմ`ավտոմատ /միանում է որոշակի ընտրված ժամանակահատվածից հետո/ և ձեր կողմից կատարվող: Այն առկա է բջջային հեռախոսների բոլոր մոդելներում: Այս ֆունկցիան, անշուշտ, չի կարելի ավելորդ համարել:

MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top